Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփի որոշման դեմ շղթայական բողոք Մերձավոր Արևելքում

Թրամփի որոշման դեմ շղթայական բողոք Մերձավոր Արևելքում
09.12.2017 | 00:56

«Նոր ինթիֆադա» Մերձավոր Արևելքում․ հազարավոր պաղեստինցիներ Երուսաղեմում, Գազայի հատվածում, Հորդանանի Արևմտյան ափին փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ, որը աննախադեպ լարվածություն է առաջացրել առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում:


Բազմահազարանոց բողոքի ակցիաները ուղեկցվել են իսրայելական ոստիկանության և ցուցարարների բախումներով: Արևմտյան ափից ստացվող տեղեկությունների համաձայն՝ հինգ տասնյակ պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել, շատերը տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, պաղեստինցի ցուցարարները քարեր են շպրտել իսրայելցի ոստիկանների ուղղությամբ:
Բողոքի շղթայական ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Պաղեստինի ինքնավարության բնակավայրերում, այլև Եգիպտոսում, Հորդանանում, Թուրքիայում ու Մերձավոր Արևելքի տասնյակ քաղաքներում, մինչդեռ ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները պնդում էին, թե որոշումը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդմանը: Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» շարժման ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է, թե դեկտեմբերի 8-ը պետք է դառնա նոր ինթիֆադայի՝ Իսրայելի դեմ ապստամբության առաջին օրը:


Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ցնցել է ամբողջ աշխարհը: Սպիտակ տան ղեկավարին քննադատում են համաշխարհային գրեթե բոլոր առաջնորդները, Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցները Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում, մտավախություն հայտնելով, թե նրա այդ որոշումը կարող է ավելի բարդացնել Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը՝ հանգեցնելով բռնությունների և բարդացնելով խաղաղության գործընթացը:
Պաղեստինյան իշխանությունները ի նշան բողոքի հրաժարվում են հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, որ ծրագրում է Իսրայել այցելել այս ամիս: Թե ինչու են այդպես որոշել՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը առայժմ չի մեկնաբանել, սակայն ընդգծել է, որ Թրամփի քայլով Վաշինգտոնը դուրս մնաց Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացներից:

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ